շտաբի-պետ

Անատամ ԳՇ պետ և պարտադրված լռություն

Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, սակայն ամենացավալին այն է, որ մեր բանակի ղեկավարությունը՝ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի գլխավորությամբ, կարծես մոռացել է իր հիմնական առաքելության մասին։ ԳՇ պետը պետք է լինի առաջին հերթին անվտանգության երաշխավորը, ռազմավարական կանխատեսումներ անողն ու բանակի մարտունակությունը բարձր պահողը։ Փոխարենը, մենք ականատես ենք լինում անատամ, թույլ և Նիկոլ Փաշինյանի կամակատար դիրքորոշմանը։

Ադրբեջանը ոչ միայն պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, այլև չի թաքցնում դա։ Նրանց պաշտպանական գերատեսչությունն անգամ արձանագրում է կրակոցների փաստը, ներկայացնելով դրանք իբր որպես պատասխան գործողություն։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սահմանափակվում է լղոզված հաղորդագրություններով, որտեղ բառ անգամ չկա ադրբեջանական կրակոցների մասին։ Ավելին՝ անգամ Տավուշում հնչող կրակոցների մասին գերատեսչությունը լռում է, այն դեպքում, երբ հասարակությունը լրատվամիջոցներից ու սոցիալական ցանցերից տեղեկանում է իրականությանը։

Սա պատահական չէ․ Նիկոլ Փաշինյանը բանակին պարտադրում է չպատասխանել, իսկ Սուրեն Պապիկյանին՝ չխոսել։ Արդյունքում մենք ունենք պարտադրված լռություն, պարտադրված հաղորդագրություններ, պարտադրված անգործություն։

Բայց ի՞նչ է անում ԳՇ պետը։ Ասրյանը, որի պաշտոնը կոչված է հենց այս իրավիճակներում ցուցադրել վճռականություն և առաջնորդություն, վերածվել է վարչապետի ստվերային կցորդի։ Նա չի խոսում, չի պահանջում, չի ընդվզում։ Սա ոչ թե ԳՇ պետի, այլ թղթե գեներալի վարք է։

Այս ամենի հետևանքով բանակը կորցնում է իր սուբյեկտայնությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակում։ Իսկ հասարակության վստահությունը բանակի հանդեպ օրեցօր մաշվում է։ Մենք չենք տեսնում հաշվետվություն՝ քանի անգամ է Ադրբեջանը խախտել հրադադարը, որ զինատեսակներից են կրակել, որ ուղղություններով, եղել են արդյո՞ք գյուղերի դեմ կրակոցներ։ Այս լռությունը ոչ թե ուժի ցուցիչ է, այլ թուլամորթության ապացույց։

Մինչդեռ մեր պատմությունը ցույց է տալիս, որ միշտ եղել են հրամանատարներ, ովքեր պատրաստ են եղել անգամ բախվել քաղաքական իշխանությանը, եթե վտանգվել է բանակի և երկրի անվտանգությունը։ Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արտակ Դավթյանի, Արշակ Կարապետյանի հեռացումները հենց դրա վկայությունն են։ Բայց Ասրյանը, կարծես թե, չի պատկանում այդ մարդկանց թվին։

Այսօր, երբ ադրբեջանական նոր հարձակման հավանականությունը օրեցօր մեծանում է, մեզ հարկավոր է ոչ թե անատամ և լուռ ԳՇ պետ, այլ առաջնորդ, ով կկարողանա հակազդել վտանգին։ Մեզ պետք է ռազմական ղեկավարություն, որը կմտածի ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի, այլ Հայաստանի անվտանգության մասին։

Էդուարդ Ասրյանը, եթե այսօր լռում է ու կռթնում վարչապետի կամքին, վաղը պատմությունը նրան կդասի որպես թուլամորթ ղեկավարի, ով իր ձեռքերով թույլ տվեց, որ բանակը կորցնի իր արժանապատվությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *