Ռուսաստանը՝ Հայաստանի թշնամի և սպառնալիք

Հայաստանի վերջին տասնամյակների ամենամեծ քաղաքական սխալը եղել է կուրորեն վստահել Ռուսաստանին։ Այն պետությանը, որը ձևականորեն հանդես է եկել որպես դաշնակից, բայց գործնականում ամեն քայլով խորտակել է Հայաստանի անվտանգությունը, թուլացրել պետականության հիմքերը և մեզ դարձրել սեփական շահերի զոհասեղանին։

Ռուսաստանը երբեք չի կատարել իր դաշնագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Երբ ադրբեջանական բանակը ներխուժում էր մեր տարածք, երբ հայ զինվորներն ու քաղաքացիական բնակիչները գնդակահարվում էին, ռուսական կողմը միայն հայտարարություններով էր սահմանափակվում։ Իրականում, Մոսկվան դիտավորյալ ճանապարհ էր հարթում Բաքվի և Անկարայի համար։

Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը նույն քաղաքականությունն է վարել մեր նկատմամբ, ինչ՝ Ուկրաինայի դեմ։ Եթե Ուկրաինայում բացահայտ ռազմական ներխուժմամբ փորձեց ոչնչացնել պետությունը, ապա Հայաստանի պարագայում ընտրեց ավելի նենգ ճանապարհ․ նախ փուռը տվեց Արցախը՝ որպես գին սիրաշահելու Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին, իսկ հետո փորձեց Հայաստանը ներքաշել իր կազմի մեջ՝ կորցրած ինքնիշխանությամբ։

Պատահական չէ, որ նույնիսկ Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, հայտարարում էր Անկարայի ու Բաքվի հետ գործարքների մասին։ Մոսկվայի ստրատեգիան պարզ է․ թուլացնել Հայաստանը, զրկել նրան դաշնակիցներ փնտրելու հնարավորությունից Արևմուտքում և ստիպել կուրորեն կախված մնալ միայն Ռուսաստանից։

Այսօր այլևս կասկածի տեղ չի մնացել․ Ռուսաստանը ոչ թե մեր դաշնակիցն է, այլ թշնամին։ Դրա վկայությունն են ոչ միայն անգործությունը հայ զինվորի արյան գնով, այլ նաև Հայաստանի ներսում շարունակվող ազդեցության մեխանիզմները՝ ռազմական բազա, քաղաքական ճնշումներ և քարոզչական մեքենա։

Ուստի Հայաստանի ժողովրդի պահանջը պետք է լինի հստակ և վճռական․

  • ռուսական զորքի և ռազմաբազայի անհապաղ դուրսբերում մեր երկրից,
  • Հայաստանի արտաքին քաղաքականության ազատագրում Մոսկվայի խեղդող գրկախառնությունից,
  • նոր գործընկերների և դաշնակիցների որոնում Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Հայաստանը չի կարող գոյատևել որպես անկախ պետություն, եթե շարունակի մնալ Ռուսաստանի կցորդը։ Ժամանակն է վերջնականապես կտրելու ռուսի ոտքը Հայաստանից և վերականգնելու մեր իրական ինքնիշխանությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *