Հայաստանում իշխանության ճգնաժամը այսօր ունի շատ ավելի խորքային արմատներ, քան պարզապես սխալները տնտեսական կամ արտաքին քաղաքականության ոլորտում։ Խնդիրը համակարգային է, և այն սկսվում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտածողության կերպից։
Փաշինյանը քաղաքական դաշտ բերեց լրագրությունից․ նա լրագրող էր, խմբագիր, հրապարակախոս։ Բայց երբ լրագրողը փորձում է դառնալ պետական գործիչ՝ առանց մասնագիտական վերափոխման, կառավարումը վերածվում է ոչ թե մեթոդական աշխատանքի ու խնդիրների համակարգային լուծման, այլ՝ հասարակության աչքին հաճելի սյուժեների։
Փաշինյանի կառավարման ոճը կառուցված է մեդիայի օրակարգի տրամաբանությամբ։ Նրա մոտ ամեն ինչ կարևոր է այնքանով, որքանով կարելի է նկարել, լուսաբանել և վերածել «լավ նյութի»։ Ճանապարհի բացումը, դպրոցի վերանորոգումը, մանկապարտեզի կահավորումը նրա պատկերացմամբ ինքնին լուծում են խնդիրները։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Ճանապարհ կառուցելը դեռևս չի նշանակում տրանսպորտային քաղաքականություն, ինչպես դպրոցը նորոգելը չի նշանակում կրթական բարեփոխում։
Երկրի ղեկավարը, ըստ էության, շարունակում է գործել որպես «Հայկական ժամանակ»-ի խմբագիր․ ընտրել ամենահրապուրիչ վերնագրերը, ապահովել «հաց և շոու» ժողովրդին՝ ինչպես հին Հռոմում։ Իսկ այս ընթացքում պետական կառավարման ինստիտուտները թուլանում են, իսկ խորքային խնդիրները մնում են անլուծելի։
300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագրով վարչապետը, օրինակ, չի խորանում կառույցների տեխնիկական որակի, կրթության բովանդակության արդիականացման կամ ոլորտային ռազմավարության մեջ։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է «տեսանելիի» վրա՝ գալ տեսախցիկների առջև, բացել դուռը, ստուգել կախիչը կամ դուշի խողովակը։ Դա ոչ թե կառավարում է, այլ բեմականացում։
Արդյունքում Հայաստանը հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ։ Քանի դեռ վարչապետը շարունակում է առաջնորդվել ոչ թե ռազմավարությամբ, այլ լրագրողական ռեժիսուրայով, երկիրը չի կարող դուրս գալ ժամանակավոր լուծումների ու մակերեսային նախաձեռնությունների փակուղուց։
Երկրի կառավարումը պահանջում է ինստիտուցիոնալ մտածողություն, մասնագիտական մոտեցում և հեռատեսություն։ Սակայն Հայաստանում, ցավոք, այն վերածվել է պոպուլիստական մեդիա-շոուի։