ոստիկանապետ-2048x1347

Ոստիկանություն. պետական կառույց, թե՞ իշխանության անձնական պահակախումբ

Հայաստանում ոստիկանությունը պիտի լիներ այն մարմինը, որ հսկեր օրենքի կատարումը, ապահովեր քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանությունը վերածվել է մեկ մարդու քաղաքական կամքի սպասարկուի։

Ոստիկանապետի պաշտոնը նա վստահել է ոչ թե փորձառու, անկախ ու արժանավայել մի գործչի, այլ իր դասարանցի Վահե Ղազարյանին։ Այս քայլը ինքնին ցույց է տալիս, որ այստեղ առաջնայինը ոչ թե պրոֆեսիոնալիզմն է, այլ անձնական վստահությունն ու «ինքըներին նվիրված լինելը»։

Այո՛, ոստիկանների աշխատավարձերը բարձրացվել են։ Բայց հարց է՝ ո՞ւմ և ինչի՞ համար։ Եթե այդ բարձրացումը ծառայում է ոչ թե հանցագործությունների բացահայտմանը, գողերի ու ավազակների դեմ պայքարին, այլ ընդամենը ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելուն, ապա այդ գումարները մաքուր կաշառք են իշխանությունից ոստիկանությանը։ Դրանցով Նիկոլը գնում է ոչ թե արդարություն, այլ լռություն և ծառայություն։

Այսօր Հայաստանի քաղաքացիներն իրենց տներում ավելի հաճախ տեսնում են ոստիկաններին ոչ թե որպես պաշտպանների, այլ որպես վախեցնողների։ Ոստիկանները զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով, նրանց տներ այցելելով, մարդկանց վրա ճնշում գործադրելով։ Իսկ իրական հանցագործությունները մնում են չբացահայտված։ Քաղաքացին կողոպտվում է, մեքենան գողացվում է, բակերում թմրանյութ է տարածվում, բայց ոստիկանները զբաղված են մեկ այլ «պատասխանատու» գործով՝ Նիկոլի իշխանության պահպանումով։

Ոստիկանությունը, որը պիտի լիներ ժողովրդի պաշտպան, դարձել է ժողովրդի դեմ գործիք։ Իսկ գործիքը՝ վտանգավոր, քանի որ այն սնվում է ոչ թե օրենքից, այլ իշխանավորի կամքից։

Եթե ոստիկանությունը շարունակի այսպես ծառայել իշխանությանը, ոչ թե օրենքին ու պետությանը, ապա այն կկորցնի վերջին մնացած վստահության պաշարն էլ։ Իսկ ոստիկանությունը առանց հանրային վստահության՝ ոչինչ է, պարզապես համազգեստ հագած մարդկանց խմբավորում։

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել այնպիսի ոստիկանության վրա, որը քաղաքացիների աչքում հիշեցնում է ոչ թե արդարության պաշտպան, այլ բռնապետի ստվերային զինվոր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *