Աշխարհի ամենաթանկ քաղաքներում, Մոնակոյի և Մոնտե Կառլոյի փողոցներում շքեղ մեքենաներով, Rolls-Royce Cullinan-ներով, Հայաստանի իշխանավորները զբոսնում են այնպես, կարծես իրենց երկիրը վաղուց ապահովված է խաղաղությամբ, անվտանգությամբ ու բարեկեցությամբ։ Հպարտ քաղաքացիներին խոստացված ապագան այսպես է վերածվել՝ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շքեղ հյուրանոցների բակում հայտնվում է միլիոնատերերի կողքին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կաննում է արձակուրդ վայելում, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերում ցուցադրում է «Loro Piana»-ով հագուստը։
Այս մարդիկ չէինքար հեղափոխության բեմում խոստանում՝ «ժողովրդի ծառաներ» դառնալ։ Իրականությունն այլ է․ ժողովուրդը դուրս է մղվում երկրից, արտագաղթում, մանր ու միջին բիզնեսը մեռնում է, քաղաքացիները հաշվարկում են ինչպես վճարել կոմունալները, իսկ իշխող վերնախավը մեկնում է Մոնակո՝ միլիոնատերերի ակումբ։
Սա կոպիտ հակադրություն է. մի կողմից Արցախը հանձնած, ռազմագերիներին վերադարձնելու ճանապարհ չգտած, Հայաստանի տարածքներում թշնամուն ընդունած իշխանություն, մյուս կողմից՝ թանկարժեք խրախճանքներ, շքեղ գնումներ, արտասահմանյան ունեցվածքի կուտակում։ Նրանք իրենց համար խնդիր չունեն․ խնդիր ունի ժողովուրդը։
Եվ այս ամենի ֆոնին շարունակում են բարձր ամբիոններից հայրենասիրական ճառեր կարդալ՝ իբր թե պայքարում են հանուն Հայաստանի։ Իրականում նրանք պայքարում են միայն սեփական հարստությունը բազմապատկելու համար։ «Եթե Աննա Հակոբյանն արդեն թանկ հագուստ ու ժամացույց է կրում, մենք ինչո՞վ ենք պակաս» մտածողությունը դարձել է այս վարչախմբի չգրված կարգախոսը։
Ժողովուրդը լուռ է, բայց լռության գինը թանկ է։ Երբ երկրի ղեկավարները Մոնտե Կառլոյի հյուրանոցների շքեղ սրահներում են, իսկ հայաստանցիներն՝ արտագաղթի ճամպրուկներով, հարցը դառնում է ճակատագրական․ ո՞ւր է գնում այս երկիրը։
Սա է իրականությունը․ մոնակոներում խրախճացող իշխանավորներ և հայրենիք կորցնող ժողովուրդ։