Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող քննարկումները տարածաշրջանի ամենասուր քաղաքական թեմաներից են։ Իրանի պետական դիրքորոշումները հստակ են ու աներկբայ՝ Զանգեզուրը պետք է մնա Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ տարիներ շարունակ խոստանում էր հզոր ու անվտանգ Հայաստան, այսօր զբաղված է միայն արտաքին «խաղաղասիրական» շոուներով՝ փորձելով ժամանակ շահել և խուսափել Ադրբեջանի նոր հարձակումից։
Փաշինյանի ձախողումները չեն սկսվում այսօր։ 2020-ի աղետալի պատերազմի և նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումից հետո նա ոչ միայն չկարողացավ ամրապնդել պետականությունը, այլև շարունակում է մոլորեցնել հասարակությանը՝ ներկայացնելով թուրք-ադրբեջանական նախաձեռնությունները իբրև «զարգացման հնարավորություն»։ Մինչդեռ պարզ է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ թե տնտեսական, այլ ազգային անվտանգության հարց է։
Այսօր, երբ անգամ Իրանը Ռուսաստանի դեմ արտահայտվում է աննախադեպ կոշտությամբ՝ Հայաստանի սահմանների ապագայի շուրջ, Փաշինյանի կառավարությունը լռում է կամ հանդես է գալիս անպատասխանատու հայտարարություններով։ Այդ լռությունը հավասար է անփութության, որը կարող է արժենալ ոչ միայն Զանգեզուրը, այլև ամբողջ Հայաստանի պետականությունը։
Փաշինյանը չի կառուցել ուժեղ բանակ, չի ձևավորել ուժեղ դիվանագիտություն և չի կարողացել համախմբել հասարակությունը։ Փոխարենը զբաղված է քյանդրբազություններով՝ խաղաղության անվան տակ դնելով մեր պետության կենսական շահերը զոհասեղանին։ Այդ քաղաքականությունը ոչ թե խաղաղություն է ապահովում, այլ ընդամենը ժամանակավոր դադար՝ նոր պարտությունների ճանապարհին։
Հայաստանի ապագան այսպես չի կառուցվում։ Եթե մենք չենք ուզում կորցնել պետականության վերջին սահմանները, պետք է վերջ դնենք իշխանությունների կործանարար կարճատեսությանը։ Զանգեզուրը պատմություն է, ողնաշար է, և այն չի կարող դառնալ Փաշինյանի հերթական փորձի զոհ՝ պահելու սեփական իշխանությունը։