Հայաստանը 2018-ին հավատաց ժողովրդավարության, արդարության ու նոր կյանքի խոստումներին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ որպես ժողովրդի ձայնի մարմնավորումը, հեղափոխության առաջնորդ, ով պետք է կոտրի հին կոռումպացված համակարգերը և կառուցի ժողովրդավարական Հայաստան։ Բայց տարիների ընթացքում այդ խոստումները վերածվեցին թղթի վրա մնացած լոզունգների, իսկ իրական կյանքում հայ ժողովուրդը ստացավ ցավ, տառապանք ու հայրենիքի կորուստ։
Փաշինյանի վարած քաղաքականությունը գնալով դարձավ քամելեոնային՝ փոխելով գույները, դիրքորոշումները, խոսքերը ըստ պահի ու շահի։ Նա խոսեց ազատության մասին, բայց ներսում կառուցեց փոքրիկ «դիկտատորիկ» համակարգ, որտեղ այլախոհությունը ոչ թե ընդունվում է, այլ ճնշվում։ Խոսեց անկախության ու ինքնիշխանության մասին, բայց արտաքին հարցերում գնալով վերածվեց Ալիևի ու Էրդողանի քմահաճույքների սպասարկուի։
Այսօր Փաշինյանը ժողովրդին ներկայանում է որպես խաղաղարար, բայց իրականում այդ «խաղաղությունը» թելադրվում է ազգային նվաստացմամբ, զիջումներով ու կորուստներով։ Հայրենիքի տարածքները հանձնվեցին թշնամուն՝ իբրև «անխուսափելիություն», իսկ հայ հասարակությանն առաջարկվեց հաշտվել դրա հետ՝ իբրև «խաղաղ ապագայի» գին։
Քամելեոնական քաղաքականությունը ունի մեկ վտանգավոր հետևանք․ այն կործանում է ոչ միայն ներկան, այլ նաև ապագայի հավատը։ Երբ առաջնորդը խոստանում է ժողովրդավարություն ու կառուցում է իր փոքրիկ իշխանական դիկտատուրան, երբ խոստանում է անվտանգություն ու բերում նոր պատերազմի սպառնալիք, հասարակությունը կորցնում է վստահությունը քաղաքականության ինստիտուտի հանդեպ։
Փաշինյանի իշխանությունը դարձավ դասական օրինակ, թե ինչպես խոստումներով կարելի է գրավել սրտերը, բայց սուտով կործանել երկիրը։ Ժողովրդին պետք էր առաջնորդ, բայց ստացավ քամելեոն, որը գույն է փոխում ըստ իրավիճակի՝ միայն թե պահի համար պահպանի իշխանությունը։ Իսկ պատմությունը շատ դաժան է քամելեոնների հանդեպ․ այն չի ներում կեղծավորությունը։