Հունվարի 8-ին Գյումրին դարձավ Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքը ցնցող իրադարձության կենտրոն։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնությամբ քաղաքացիները դուրս եկան փողոց՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացումը և ռուսական խաղաղապահների կողմից իրենց ստանձնած պարտականությունների կատարումը։ Այս անգամ բողոքի թիրախը ոչ թե հեռավոր իշխանական կառույցներն էին, այլ հենց քաղաքի սրտում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան։
Բողոքի մասնակիցները հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ հայրենասիրական երգերի ու կոչերի ներքո շարժվելով դեպի ռազմաբազա։ Նրանց ձեռքին էին պաստառներ ու լոզունգներ. «Բացե՛ք Բերձորի միջանցքը», «Ռուսաստան թշնամի», «Ո՛չ ռուսական օկուպացիային», «Արցախի սոված երեխաների լացի ձայնը Ռուսաստանի խղճին է»։ Այդ ամենը բացահայտ արտացոլում էր ժողովրդի վրդովմունքն ու ատելությունը կեղծ «խաղաղապահության» հանդեպ, որը իրականում վերածվել է Արցախի փակուղու ու հումանիտար աղետի պատասխանատվության։
Արա Պապյանը շեշտեց, որ այստեղ հավաքվել էր գիտակից զանգվածը՝ պաշտպանելու հայրենիքի ու հայրենակիցների շահերը։ Վահե Գասպարյանն էլ հստակ հայտարարեց․ «Ճանապարհը փակել են հենց ռուսները։ Ովքեր հակառակը պնդում են՝ կամ միամիտ են, կամ էլ ռուսական գործակալներ»։
Բայց այս բողոքը չդիմացավ երկար։ Հսկայական ոստիկանական ուժեր, որոնք երևի թե ավելի տեղին կլիներ Բերձորում, ուղարկվել էին Գյումրի՝ քաղաքացուն լռեցնելու։ Ոստիկանները նախազգուշացրեցին, ապա բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Տասնյակներ գետնին տապալվեցին, ավելի քան 100 քաղաքացի տարան բաժանմունքներ։
Այդ օրը բողոքի մեջ էի նաև ես։ Ելել էի փողոց՝ բարձրաձայնելու նույն պահանջը, ինչ մյուսները՝ Արցախի երեխաների քաղցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի ազատ ու անկախ ապագան։ Սակայն բողոքելու փոխարեն՝ հայտնվեցի ոստիկանական մեքենայում։ Մարդկանց ձերբակալում էին ոչ թե հանցագործության համար, այլ պարզապես այն պատճառով, որ նրանք համարձակվել էին ռուսական ռազմաբազայի դարպասների առաջ ասել ճշմարտությունը։ Դա արվում էր ոչ թե Մոսկվայի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության պատվերով։
Այդ օրը Գյումրին դարձավ հայ ժողովրդի ստորացումների հայելին․ մի քաղաք, որտեղ ռուսական տանկերն ու Նիկոլի ոստիկանները միավորվեցին՝ ճնշելու սեփական քաղաքացիներին։ Եվ եթե այդքան ոստիկան լիներ Բերձորում, գուցե միջանցքը բացված լիներ։ Բայց Հայաստանի իշխանությունը ընտրել է այլ ճանապարհ․ պաշտպանել օտարի շահը և լռեցնել սեփական ժողովրդին։
Այս իրադարձությունները ապացուցում են, որ հարցը միայն Բերձորի միջանցքը չէ։ Խոսքը Հայաստանի արժանապատվության, Հայաստանի անկախության և Հայաստանի ապագայի մասին է։
Գյումրիի ռազմաբազան վաղուց արդեն խաղաղության երաշխիք չէ․ այն վերածվել է մեր երկրի ինքնիշխանության ոտնահարման խորհրդանիշի։ Իսկ ժողովրդի ձայնը՝ ճնշումների թիրախի։ Բայց որքան էլ ձերբակալեն, լռեցնեն, բողոքի ձայնը չի կարող մարել։ Որովհետև Արցախում երեխաներն են քաղցում, Հայաստանում մարդիկ են ստորացվում, իսկ աշխարհի աչքին մենք չենք կարող անընդհատ թաքնվել ռուսական ստվերում։
Ես այդ օրը ձերբակալվեցի Գյումրիում։ Բայց իրականում ձերբակալված է ողջ Հայաստանը։ Եվ միայն ժողովրդի պայքարն է, որ կարող է բացել մեր ճամփան դեպի ազատություն։