Վերջին օրերին հանրային դիսկուրսի կենտրոնում հայտնվել է ՀՀ կառավարության հերթական որոշումը, որը ոչ միայն վրդովմունք է առաջացրել լայն շրջանակներում, այլև լրջագույն հարցադրումներ է առաջացնում պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին։ Խոսքը վերաբերում է Սնուպ Դոգի համերգին, որի կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվելու է 2 միլիարդ 318 միլիոն 596 հազար 800 դրամ։ Այո՛, ճիշտ եք կարդում․ ավելի քան վեց միլիոն դոլար՝ մեկ օրվա միջոցառման համար։
Պետք է ընդգծել, որ սա ոչ այլ ինչ է, քան Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ում ժողովուրդը դդում է ասում, հերթական «փայլուն» գաղափարը։ Մի գաղափար, որը նորից ապացուցում է, որ պետական մտածողությունը հեռու է հասարակության իրական խնդիրներից և առաջնահերթություններից։
Արդյո՞ք սա այն պետությունն է, որը պատերազմից հետո կանգնած է կործանված սահմանների ամրապնդման, տեղահանվածների ու հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հրատապ անհրաժեշտության առաջ։ Արդյո՞ք սա այն պետությունն է, որը լռում է գյուղերի դատարկվելու, արտագաղթի աճի և պետական ինստիտուտների խոցելիության պայմաններում։ Սա ոչ թե պարզապես գումարի վատնում է, այլ պետական մտածողության աղետալի վկայություն։
Եթե հաշվարկենք, ապա նույն գումարով հնարավոր էր գնել 100 էքսկավատոր սահմանների ինժեներական աշխատանքների համար, ապահովել 300 միկրոավտոբուս գյուղական համայնքների համար, տրամադրել 360 տրակտոր աղքատ գյուղացիական տնտեսություններին, կառուցել 6 նոր բարձրակարգ դպրոց, կամ ստեղծել 20 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կծառայեր տասնյակ տարիներ։
Այս ամենը չի արվում։ Փոխարենը պետական բյուջեն ծառայեցնում է մի համերգի, որի հիմնական շահառուն, ինչպես ընդունում է կառավարությունը, «հանրության լայն զանգվածներն» են, ներառյալ սոցիալապես խոցելի խումբը։ Բայց արդյո՞ք սոցիալապես խոցելի քաղաքացու համար առաջնահերթությունն այն է, որ պետությունը նրան մեկ օրով հնարավորություն տա գնալու Սնուպ Դոգի համերգ։
Այս որոշումով պետությունը, փաստորեն, քաղաքացիներին ասում է․ «Մենք ձեր հարկերից վերցնում ենք միլիարդները և փոխարենը ձեզ բերում ենք այնպիսի կատարողի, ում երգերն ու կենսակերպը հաճախ առնչվում են թմրամոլության, հայհոյանքների ու սրբապղծության քարոզին»։
Այստեղ խնդիրն անգամ Սնուպ Դոգը չէ։ Խնդիրը պետական մտածողությունն է, երբ ազգային անվտանգության, կրթության և սոցիալական արդարության հրատապ հարցերի փոխարեն առաջնահերթություն է ստանում կասկածելի մշակութային շքեղությունը։
Հանրային միջոցները պետք է ծառայեն հանրային շահին։ Իսկ հանրային շահը այսօր Հայաստանի համար սահմանների ամրապնդումն է, գյուղացու կեցության բարելավումը, դպրոցների կառուցումը, երիտասարդների ապագայի նկատմամբ հույս ներշնչելը։ Արժե՞ր արդյոք այս ամենը զոհաբերել մեկ համերգի համար։
Պատասխանը թողնում եմ ընթերցողին։