սպանություն

Սպանվել է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

Սեպտեմբերի 23-ի լուրը ցնցեց ոչ միայն Արմավիրի մարզի Մերձավանը, այլև ողջ Հայաստանը։ Գիշերվա ուշ ժամին հնչած կրակոցների հետևանքով կյանքից զրկվեց համայնքի ղեկավար, ընդդիմադիր գործիչ Վալոդյա Գրիգորյանը։ Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ կա ևս մեկ զոհ և մեկ վիրավոր։ Սպանությունը տեղի է ունեցել համայնքապետի տան բակում՝ կեսգիշերին, ինչը հանցագործությանը տալիս է հատուկ ցինիզմի և ցուցադրականության երանգ։

Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր գործունեությունը միշտ էլ եղել է վտանգավոր։ Մինչև հիմա ընդդիմադիրների համար առավելագույն ռիսկը բանտարկվելը կամ ունեցվածքից զրկվելն էր։ Սակայն այս սպանությունը կարծես նոր էջ է բացում՝ իշխանությունների դեմ արտահայտված լինելու դեպքում վտանգի տակ է դրվում ոչ միայն մարդու ազատությունը, այլև կյանքը։ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը դուրս է միայն քրեական հողի վրայից դիտարկելու տրամաբանությունից։ Սա ուղերձ է, որ ընդդիմադիր դիրքորոշում ունենալը Հայաստանում այլևս կարող է արժենալ մարդու կյանքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ նախկին իշխանություններին մեղադրում էր քաղաքական սպանությունների համար։ Սակայն այսօր, նրա ղեկավարած պետության պայմաններում, սպանությունները դարձել են մեր կյանքի սովորական բաղադրիչ։ Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի, նոր սպանությունների մասին։ Հասարակությունն աստիճանաբար կորցնում է անվտանգության զգացումը, իսկ պետությունը՝ իր հիմնական գործառույթը՝ պաշտպանել քաղաքացու կյանքը։ Հասարակական անվտանգության խաթարումը ոչ միայն իրավապահ մարմինների անգործության կամ անարդյունավետության հետևանք է, այլև քաղաքական մթնոլորտի։ Երբ իշխանությունն իր հռետորաբանությամբ բաժանում է հասարակությանը «սևերի» և «սպիտակների», դա ստեղծում է թշնամանքի մթնոլորտ, որտեղ բռնությունը դառնում է օրինաչափություն։

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ոչ միայն ողբերգություն է նրա ընտանիքի ու հարազատների համար, այլև ահազանգ ողջ հասարակությանն ու քաղաքական համակարգին։ Սա փորձաքար է՝ ունե՞նք արդյոք ուժ ու կամք պաշտպանելու մեր պետությունը քաղաքական վենդետաների և հանցավոր հաշվեհարդարների վտանգից։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին։ Սակայն ցավակցությունը քիչ է․ անհրաժեշտ է արդարություն, անվտանգության երաշխիքներ և վերջապես՝ պատասխանատվություն։ Ոչ թե միայն հանցագործների, այլև այն իշխանության, որի օրոք նման ահաբեկիչ իրականություն է ձևավորվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *