Երեկվա խորհրդարանական լսումները բացեցին այն վարագույրը, որը իշխանությունը տարիներ շարունակ ձգել էր հանրության աչքի առաջ։ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի փոխհրաձգությունը ցույց տվեց մի իրականություն, որից իշխանությանն ամենից շատ է վախենում․ իրենց իսկ թիմակիցների աչքի առաջ երեւաց այն անփորձ, գռեհիկ ու բռնկուն դեմքը, որը ղեկավարում է երկրի ամենազգայուն համակարգերից մեկը։
Քյարամյանը ցուցադրեց ամեն ինչ, ինչ չպետք է ունենա պաշտոնյան, այն էլ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը․ խոսելու կուլտուրայի բացակայություն, խորհրդարանը որպես ինստիտուտ չհարգելու վերաբերմունք, սառնասրտություն կորցնելու և ամենաանթույլատրելի արտահայտությունների պատրաստակամություն։ Բայց ամենակարևորը՝ նա փաստորեն խոստովանեց, որ քրեական գործերը «ջրելու» կամ «կարելու» հարցում գործում է ոչ թե օրենքը, այլ անձնական կապերն ու քաղաքական պատվերները։
Սա պարզապես սկանդալ չէ․ սա համակարգային ախտանիշ է։ Պատկերացրեք, երբ պետական կառույցների ղեկին հայտնվում են ոչ թե փորձառու ղեկավարներ, այլ դեռ կյանք չտեսած, կենսագրություն չունեցող պատանիներ։ Նրանց ձեռքում հայտնված իշխանությունը ոչ թե ծառայում է պետությանը, այլ շատ արագ վերածվում է գայթակղության աղբյուրի։ Եվ այդ գայթակղությունը քայքայում է թե՛ իրենց, թե՛ համակարգը։
Մենք այդ ճանապարհն արդեն տեսել ենք․ ասֆալտին «փռելու» ճիչերից մինչև քաղաքացիներին ուղղված գռեհիկ արտահայտություններ, անգամ ֆիզիկական վիրավորանքներ։ Այս ամենը նույն բնույթի դրսևորումներ են․ փողոցից բերած մարդիկ, հսկայական լծակներ ստացած, սկսում են իրենց ուժը թեստավորել հասարակության վրա։
Ու հենց այստեղ է խնդիրը․ իշխանությունը դարձել է ոչ թե փորձի ու կարողությունների արդյունք, այլ պատահականություն։ Նրանք, ովքեր դեռ պետք է տարիներ անցնեին կառավարման դպրոցով, միանգամից հայտնվեցին պետության ղեկին։ Իսկ ժողովուրդը նրանց ձեռքին վերածվեց փորձադաշտի։