հեծանիվ քշող ամբիցիոզը

Հայաստան և Վրաստան․ համանման ճակատագրեր, պարտված պատմություններ և ծաղրածու առաջնորդներ

Կովկասյան ժողովուրդների ճակատագիրը հաճախ այնքան մոտ է իրար, որ թվում է՝ մենք նույն գրքի տարբեր գլուխներում ենք ապրում։ Հայաստանը և Վրաստանը՝ երկու հարևան, երկու քրիստոնյա ժողովուրդ, երկու դարերով տառապած ու հույսերով ապրող ազգ, այսօր էլ կանգնած են նույն հարցի առաջ․ ինչո՞ւ ենք մենք կրկնում նույն սխալները, ինչո՞ւ ենք անընդհատ պարտվում։

Ես անձամբ ապրել եմ Վրաստանում երկու տարի, սովորել այնտեղ և ուսումնասիրել այս երկու ազգերի ճանապարհը։ Շատ հաճախ ինձ թվում էր, թե հայ լինելը և վրացի լինելը պարզապես տարբեր լեզվով արտահայտված նույն ճակատագիրն է։ Մեր պատմությունները նման են՝ հազարավոր անտուն ու անօթևաններ, նույնքան ցավ, նույնքան կորցրած տարածքներ, նույնքան ծաղրածու առաջնորդներ, ովքեր ժողովրդավարության անվան տակ առաջնորդի փոխարեն դերասան են եղել։ Հայաստանը Վրաստանից առնվազն 20 տարի հետ է քայլում, բայց նույն մոլորություններն ենք կրկնում։ Այն ինչ նրանք արդեն ապրել են ու պարտվել, մենք հիմա ենք կրկնում։

Հետաքրքրական է, որ դեռ 1918-ին, երբ հարավկովկասյան երեք հանրապետությունները նորանկախ էին, միջազգային դիվանագետները փաստում էին՝ միայն Վրաստանն է քիչ թե շատ պետություն հիշեցնում։ Հայաստանը ցեղասպանությունից փրկված փախստականների աղքատացած ու սովամահ երկր էր, իսկ Ադրբեջանում բոլորը իրար դեմ պայքարում էին։ Բայց ավելի քան մեկ դար անց, արդյո՞ք փոխվել է շատ բան։ Վրաստանն այսօր էլ տատանվում է արևի ու փոթորկի միջև, Հայաստանը դեռ փնտրում է իր նավահանգիստը։

Մեր նմանությունը ցավալի է։ Երկու ժողովուրդն էլ ազատության ու անկախության անունից կռվել են, զոհվել են, բայց պետության կառավարման հարցում մնացել են անգլուխ։ Քաղաքական դասի գայթակղությունը միշտ հաղթել է ազգային շահին։ Ժողովրդին խոստացել են արժանապատվություն ու զարգացում, բայց տվել են հիասթափություն ու աղքատություն։

Այսօր էլ, երբ մեր նավը խորտակման եզրին է, մեզ առաջնորդում է Նիկոլի նման առաջնորդը․ մեկը, որ գժություններ անելով փորձում է տպավորություն թողնել, հեծանիվ է քշում Մոսկվայի փողոցներում՝ այն պահին, երբ ազգը կանգնած է պատմական աղետի առաջ։ Ժանտախտի ժամանակ խրախճանք կազմակերպող այս մտածողությունը նույնքան վտանգավոր է, որքան թշնամու հրետանին։ Երբ պետության ղեկավարը երկրի ողբերգությունը վերածում է շոուի, ոչ ոք չի կարող հավատալ, որ նա կգտնի ելք։

Հայաստանը և Վրաստանը կարող են իրար համար հայելի լինել։ Բայց հարցը մնում է բաց․ մենք մե՞ծ ժողովուրդներ ենք, որ կսրբագրենք մեր սխալները, թե՞ դատապարտված ենք մնալ փոքր ազգեր՝ կրկնելով նույն ողբերգական պատմությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *