Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին հաճախ ենք ականատես լինում մի երևույթի․ ժողովուրդը գնում է ընտրությունների, քվեարկում ընդդիմադիրների օգտին, սակայն մի քանի ամիս անց համայնքը արդեն ղեկավարում է Քաղաքացիական Պայմանագիրը։ Սա տեղի է ունենում ոչ թե ընտրությունների ճանապարհով, այլ դավադրությունների, ճնշումների ու մանիպուլյացիաների միջոցով։
Փարաքարի օրինակը դրա ամենավառ ապացույցներից է։ Երկու տարի շարունակվող կռիվների, քրեական գործերի, կալանքների ու ավագանու բոյկոտների արդյունքում վերջապես Քաղաքացիական Պայմանագրին հաջողվեց մտցնել իր մարդուն՝ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Բայց իշխանության զավթումը այստեղ չի ավարտվում․ ըստ տեղեկությունների, ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ կիրառվել են խիստ ճնշումներ, ինչի արդյունքում նրանք ստիպված են եղել մասնակցել նիստերին ու «ձեռ քաշել» իրենց առաջնորդից։
Իրականում այստեղ ոչ թե օրինական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդար։ Մինչդեռ հասարակությունը տեսնում է, որ իր քվեն արժեզրկվում է։ Քաղաքացին գնում է ընտրատեղամաս, քվեարկում այն ուժի օգտին, որին վստահում է, բայց հետո պարզվում է՝ համայնքը կառավարում է Քաղաքացիական Պայմանագիրը՝ «քաղաքական ճկունության», իսկ իրականում՝ ճնշումների ու վախեցման արդյունքում։
Սա ոչ միայն ժողովրդավարության արժեզրկում է, այլև համայնքների զարգացման արգելակ։ Քաղաքացիական Պայմանագիրը իշխանությունը վերցնում է ոչ թե ծրագրերի ու գաղափարների շնորհիվ, այլ սև տեխնոլոգիաների։ Հետևանքն այն է, որ ավագանու նիստերը չեն կայանում, համայնքապետարաններում տիրում է անվստահություն, իսկ համայնքների խնդիրները մնում են անլուծելի։
Ժողովուրդը, ընտրելով ընդդիմադիրին, ակնկալում է փոփոխություն։ Բայց Քաղաքացիական Պայմանագիրը մարզերում իր իշխանությունը պահում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ քաղաքական ուժի ու վարչական ճնշման միջոցով։ Այսինքն՝ ունենք ձևական ժողովրդավարություն, որի բովանդակությունը գրպանված է։
Հարցը մնում է բաց․ որքանո՞վ է պատրաստ մեր հասարակությունը հանդուրժել այս ամենը։ Որովհետև եթե մարդիկ շարունակեն լռել, ապա վաղը մարզերում, իսկ հետո նաև ամբողջ երկրում ժողովուրդը կվերածվի ընդամենը քվեարկության մեքենայի, որի ձայնը կարևոր է միայն ընտրության օրը, իսկ հետո՝ ոչ ոք հաշվի չի առնում։
Սա է իրական վտանգը․ երբ ընտրություններով իշխանություն չի փոխվում, այլ միայն մուտք ու ելք է լինում դեպի Քաղաքացիական Պայմանագիրի համակարգ։