Հերոսության գաղափարի արժեզրկում

2025-ը նոր է սկսել, բայց վարչապետը արդեն հասցրել է հիշեցնել մեզ, որ իր ամենասիրելի մարզաձևը շարունակում է մնալ նույնը՝ բառերի սպորտը։ Այս անգամ էլ նա որոշել է «հերոսությունը» դարձնել ոչ թե բացառիկ, այլ բոլորի համար մատչելի՝ ինչպես սոխն ու կարտոֆիլը շուկայում, կամ իր անպակաս լայվերը Ֆեյսբուքում։

Փաշինյանի տրամաբանությամբ՝ եթե հարկ վճարելը հերոսություն է, ապա գազի վառարանը մաքրելը ռազմավարական հաղթանակ է, իսկ աղբը թափելը՝ ազգային արժանապատվության պահպանում։ Գուցե վաղը հաց գնելը կնշանակի «հաղթանակի շքերթ», իսկ քաղաքապետարանի հարկը չվճարելը՝ «դավաճանություն հայրենիքին»։

Վարչապետը տարիներ շարունակ ապացուցում է, որ յուրաքանչյուր բառի մեջ կարող է լցնել այնքան դատարկություն, որ նույնիսկ բառարանները շփոթվում են։ Նա գիտի՝ իրական հերոսությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ քաղաքականության մեջ պատասխանատվությունը նույնն է, ինչ արևը վամպիրի համար։ Ուստի ստեղծվում է փոխարինիչ՝ թղթե հերոսություն։ Դրա համար մեդալներ չեն տալիս, բայց լայքեր՝ որքան ուզես։

Այս «ակադեմիայում» ամեն ոք կարող է հերոս դառնալ՝ պարզապես մասնակցելով հերթական պոպուլիստական շոուին կամ ընդունելով կառավարության ամենաանիմաստ որոշումները որպես «պետականամետ» քայլ։ Ճշմարիտ հերոսների անունները մնում են ստվերում, որովհետև նրանք չեն տեղավորվում իշխանական փիառի սցենարի մեջ։ Փոխարենը էկրաններին հայտնվում են մանր պաշտոնյաներ՝ ինքնահիաց լուսանկարներով և մակագրությամբ՝ «ծառայում եմ իմ երկրին»։ Իրականում այդ ծառայությունը հիշեցնում է մատուցողի խորամանկություն՝ հաշիվը ավելացնելու ժամանակ։

Այսպիսով, «հերոսությունը» վերածվում է ոչ թե ազգային հպարտության հիմքի, այլ քաղաքական մանրադրամի, որը կարելի է ամեն պահի փոխանակել հերթական գունավոր լոզունգի հետ։ Երբ իշխանությունը ամենապարզ առօրյան փորձում է կնքել «հերոսության» կնիքով, իրական հերոսությունն արժեզրկվում է։ Մինչ մեր հանրային գիտակցությունը շարունակում է հավատալ, որ պոպուլիստական հայտարարությունները հայրենասիրության փոխարինիչ են, մենք ունենալու ենք շատ «հերոսներ», բայց քիչ հաղթանակներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *