Ալեն Պադավատ

Ալեն Սիմոնյանի «ժողովրդի ծառայի» 90 միլիոնանոց մեքենան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար կառավարությունը որոշել է ձեռք բերել մոտ 90 միլիոն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI ծառայողական մեքենա։ Հիմնավորում են, թե նախորդը՝ 2011 թվականի արտադրության BMW-ն, այլևս ծախսատար է և անարդյունավետ։ Որոշումն ընդունվել է որպես «հրատապ» հարց։

Սակայն այս «հրատապությունը» սառն ջուր է հասարակության գլխին։ Մարդիկ, ովքեր իշխանության եկան՝ հայտարարելով, որ ժողովրդի ծառաներն են, այսօր բյուջեն, որը կազմվում է հարկատուների քրտինքով, օգտագործում են սեփական շքեղության համար։ Նույն մարդիկ, ովքեր հեղափոխությունից հետո խոստանում էին վերջ դնել նախկինների ճոխությանը, այսօր կրկնում են նույն գործելաոճը։

90 միլիոն դրամի իրական գինը հասկանալու համար բավական է հաշվել. այդ գումարի համար հարկ է գանձել 450 միլիոն դրամ աշխատավարձերից։ Եթե դա բաժանենք միջին աշխատավարձով աշխատողների վրա, ապա մոտ 150 մարդ պետք է մեկ տարի աշխատի, որ Սիմոնյանի մեքենայի փողը հավաքվի։ Եթե հաշվի առնենք նվազագույն աշխատավարձ ստացողներին՝ 65 հազար դրամով, ապա արդեն մոտ 577 մարդ է պետք։ Կես հազարից ավելի քաղաքացիներ ամբողջ տարի պիտի հարկ վճարեն, որ Ազգային ժողովի նախագահը շքեղ մեքենայով երթևեկի։

Այս իրականությունը անողոք ու ճշմարտացի պատկեր է ներկայացնում․ իշխանությունը ժողովրդի կողքին չէ, այլ սեփական հարմարավետության։ Եվ երբ ժողովուրդը հարցնում է՝ «ինչու ենք մենք աղքատ», պատասխանը պարզ է․ որովհետև մեր հարկերը գնում են պաշտոնյաների ճոխությանը, ոչ թե հասարակ քաղաքացիների կարիքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *