Ոստիկանության գործելակերպի շուրջ հասարակական պատկերացումները վերջին տարիներին փոխվել են՝ վերածվելով խոր հակասությունների։ Մինչև վերջերս շատերը փորձում էին ոստիկաններին տեսնել որպես իրենց «եղբայրների», հասարակության անվտանգության երաշխավորների։ Սակայն պատերազմից հետո սկսված բռնաճնշումները, խաղաղ ցույցերի դաժան ցրումները, կանանց, անչափահասների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրարկումը հասարակության մեջ սերմանեցին խոր հիասթափություն։ Ոստիկանները ավելի ու ավելի հաճախ են ընկալվում ոչ թե որպես քաղաքացիների պաշտպաններ, այլ որպես իշխանության կամակատարներ։
Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունն այլևս ոչ թե ծառայում է օրենքին ու հանրային շահին, այլ իշխանությանը։ Քաղաքացիների իրավունքները խախտվեցին հրապարակավ ու անթաքույց։ Տասնյակ քաղաքացիներ ծեծի ենթարկվեցին՝ «ասֆալտին փռելու» ու պատերին ծեփելու միջոցով։ Այս ամենին զուգահեռ համակարգի աշխատակիցներին տրամադրվեցին միլիարդավոր դրամների պարգևավճարներ՝ այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած ծանր ճգնաժամի մեջ։ Հասարակության աչքում այս պարգևավճարները ոչ թե աշխատանքի գնահատական էին, այլ կաշառք՝ իշխանության շահերին ծառայելու համար։
Մինչդեռ հենց նույն ժամանակահատվածում կրճատվել էին սահմանների ամրաշինական աշխատանքների ծախսերը։ Այս փաստը ինքնին բացահայտում է իշխանության իրական առաջնահերթությունները։ Այն, ինչ պետք է լիներ պետության ու ժողովրդի շահերի պաշտպանություն, վերածվել է իշխանական աթոռի ամրապնդման։ Այս համակարգում քիչ չեն եղել ազնիվ ծառայողները, որոնք հրաժարվեցին կատարել հակաժողովրդական հրամաններ և թողեցին պաշտոնները։ Սակայն մեծամասնությունը մնաց ու շարունակում է ծառայել՝ առանց հարց տալու հրամանի օրինականության մասին։
Ադրբեջանում ներքին զորքերին հավելավճարներ են տրվում «ազատագրված տարածքներում» ծառայության դիմաց։ Հայաստանում ոստիկանները պարգևատրվում են սեփական ժողովրդի նկատմամբ կիրառված բռնության դիմաց։ Այս համեմատությունը հստակ ցույց է տալիս, թե որ երկրի իշխանությունն է իր ուժային համակարգը դնում պետական շահերի ծառայության, իսկ որ երկրում այն վերածվում է ժողովրդի դեմ ուղղված ճնշման գործիքի։
Այս իրողությունների պայմաններում պատրանքների տեղ չպետք է մնա։ Ոստիկանությունը, որպես համակարգ, մեծամասամբ դադարել է լինել հանրային անվտանգության երաշխավորը և վերածվել է իշխանության ձեռքին գտնվող բռնության մեխանիզմի։ Իսկ բռնությունը չի մնում անպատասխան. ուշ թե շուտ գալիս է պատասխանատվության պահը։