Նիկոլ Փաշինյանի մանիպուլացիաների քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմքում դրված է մանիպուլացիան։ Նա իշխանության եկավ ժողովրդի հույսերի ու սպասումների ալիքի վրա, սակայն այդ հույսերը վերածվեցին հիասթափության, իսկ սպասումները՝ ծանր իրականության։ Փաշինյանը շարունակ փորձում է հասարակությանը ներկայացնել իր անձը որպես զոհի կերպար։ Ամեն քննադատություն մատուցվում է իբրև «նախկինների» դավադրություն, ամեն բողոք՝ իբրև հակապետական գործողություն։ Այսպես նա խուսափում է պատասխանատվությունից և հալածյալի դիմակով պահում է իշխանությունը։

Միշտ շեշտելով, թե իր քայլերը բխում են «ժողովրդի կամքից», Փաշինյանը իրականում ստեղծում է կեղծ պատրանք։ Հանրային հեռուստատեսությունն ու իշխանական լրատվամիջոցները քարոզում են, թե մեծամասնությունը կանգնած է նրա կողքին, մինչդեռ հենց հրապարակ դուրս գալուց իշխանությունը վախենում է։ Եթե իսկապես ունենային լայն աջակցություն, ինչու՞ պիտի վտանգավոր լիներ սեփական հանրահավաք կազմակերպելը։

Պատերազմից հետո Փաշինյանը փորձեց պարտությունը վերածել «խաղաղության օրակարգի»։ Տարածքների զիջումները ներկայացվեցին որպես անխուսափելի քայլեր, իսկ ժողովրդի վախերն օգտագործվեցին նրա իշխանությունը երկարացնելու համար։ Մարդկանց համոզեցին, որ զիջումները ճանապարհ են դեպի խաղաղություն, բայց իրականում դրանք դարձան ազգային արժանապատվության կորուստ։

Հասարակական բողոքը մշտապես նսեմացվում է։ Ցուցարարներին անվանում են «վճարվածներ», ընդդիմությանը՝ դավադիրներ, իսկ դժգոհ քաղաքացիներին՝ մոլորվածներ։ Այս մանիպուլյացիայի նպատակը մեկն է՝ զրկել բողոքը լեգիտիմությունից և պահպանել իշխանության պատրանքային կայունությունը։

Ամենավտանգավոր մանիպուլյացիան վախի մթնոլորտի ստեղծումն է։ Մարդկանց համոզում են, որ առանց այս իշխանության ամեն ինչ կլինի ավելի վատ, որ այլընտրանք չկա։ Բայց հասարակությունը արդեն սկսում է հասկանալ, որ Փաշինյանի խոստացած խաղաղությունը իրականում նվաստացում է, բարեփոխումները՝ դատարկ խոսքեր։ «Ժողովրդի կամք» արտահայտության հետևում թաքնված է միայն մեկ բան՝ սեփական իշխանությունը պահելու մոլուցքը։

Ու քանի դեռ մանիպուլյացիաներ են դառնում պետական քաղաքականություն, երկրի ապագան մնում է մշուշի մեջ։ Փաշինյանի իշխանության իրականությունը հենց սա է՝ բառերի, պատրանքների ու կեղծիքի միջոցով հասարակության կամքը կտրել իրականությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *