նիկոլ-հեծանիվ

Հայաստան․ պետություն, որը վերածվել է փորձադաշտի

Պետության ղեկավարը, երբ գիտակցաբար ընդունում է, որ բանակցությունների սեղանի շուրջ իրեն «գժի տեղ է դրել», այլևս չի կարող ընկալվել որպես լուրջ ու պատասխանատու առաջնորդ։ Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը վերածել է փորձադաշտի․ փորձարկում է սեփական հոգեբանական «էքսպերիմենտները», սեփական քաղաքական «տեսությունները», սեփական սցենարները, որոնց գինը վճարում է ոչ թե ինքը, այլ ժողովուրդը։

Այս տարիներին մենք ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը դարձավ անհետևողական փորձերի հարթակ․

  • Արտաքին քաղաքականության մեջ՝ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» անորոշություն, երբ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները քանդվեցին, իսկ նոր ուղղություններում ոչինչ չկառուցվեց։
  • Արտաքին վտանգների դիմաց՝ երկրի անվտանգության համակարգը չեզոքացվեց, բանակը թուլացավ, իսկ ամեն ինչ արդարացվեց «խաղաղության օրակարգով»։
  • Ներքին քաղաքականության մեջ՝ հանրային կառույցները, օրենքի ուժը, պետական ինստիտուտները վերածվեցին անձնական կամայականությունների գործիքի։ Պետականության հիմքերն օգտագործվեցին որպես «սոցիալական լաբորատորիա», որտեղ իշխանությունը փորձարկում է իր «հեղափոխական» պատկերացումները։

Ամեն մի նոր օր մեզ հրամցվում է հերթական «փորձը»՝ երբեմն ժողովրդին համոզում են, որ աղքատությունը մարդու գլխում է, երբեմն՝ որ հարկերի բարձրացումը հարստության ցուցիչ է, իսկ ամենածայրահեղ դեպքում՝ որ հանձնված հողերը «խաղաղության» գինն են։

Հիմա էլ՝ Մոսկվայի փողոցներում հեծանիվ է քշում ու տեսանյութ հրապարակում։ Թվում է՝ հերթական «էքսպերիմենտն» է․ գուցե արտաքին դիվանագիտական գործընթացներում էլի «իրեն գժի տեղ դնելու» կարիք է եղել։ Հեծանիվի պեդալները դառնում են քաղաքական գեժեստեր, որոնց հետևանքով ոչ ոք չի հասկանում՝ մեր երկրի ղեկավարը հանգստանալու է գնացել, թե հերթական անգամ ներկայացնում է իր «մարդասիրական իմիջի» շոուն։

Այս փորձերը ոչ թե գիտության կամ զարգացման շահերից են բխում, այլ իշխանության պահպանումից։ Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ քաղաքացիների ճակատագիրը դրվել է իշխանավորի փորձարարական սեղանին։

Արդյունքում ժողովուրդը վերածվել է լաբորատոր առնետի։ Հասարակության վրա կատարվում են հոգեբանական մանիպուլյացիաներ, հասարակական գիտակցության վրա՝ փորձեր։ Մեզ սովորեցնում են համակերպվել, հարմարվել, լռել։ Իսկ լռության գինը միշտ եղել է կորուստ։

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ փորձադաշտերը երկար չեն գոյատևում․ մի օր պայթում են ու իրենց տակ խորտակում ամեն ինչ։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որ Հայաստանի պետությունը վերջնականապես վերածվի ձախողված էքսպերիմենտի։

Ժողովուրդը պետք է հիշի․ պետությունը պատահականության կամ փորձերի դաշտ չէ։ Այն տուն է, որն անհրաժեշտ է պահել ամուր, հետևողական և պատասխանատու կառավարմամբ։ Իսկ եթե ղեկավարը մտածում է «գժի տեղ դնելու» տակտիկայով, ապա հասարակությունն իրավունք ունի նրան դնել այնտեղ, որտեղ փորձերը չեն խորտակի ժողովրդի ապագան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *