աած քահանա

ԱԱԾ-ի ներխուժումը հոգևոր դաշտ։ երբ վարչապետը պահանջում է, իսկ ԱԱԾ-ը կատարում

Հայաստանյան իրականությունն այսօր նմանվում է մի պետության, որտեղ իշխանությունը ոչ միայն չի հարգում օրենքի սահմանները, այլ դրանք քանդում է հենց այնտեղ, որտեղ դրանք ամենանուրբ ու կարևոր նշանակությունն ունեն՝ հավատքի դաշտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը վերջին ամիսներին ցույց է տալիս մի վտանգավոր միտում․ նա ոչ միայն միջամտում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին, այլ դա անում է ամենաահավորը՝ Ազգային անվտանգության ծառայությունը վերածելով ճնշման լծակի։

Միջազգային բոլոր կոնվենցիաները՝ ծայրից ծայր, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից մինչև Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագիրը, հստակ ասում են․ պետությունն իրավունք չունի խառնելու կրոնական կազմակերպությունների ներքին կարգերին, արարողակարգին կամ կանոնադրական կանոններին։ Եկեղեցին ինքնավար կառույց է՝ իր կանոններով, իր ավանդույթներով ու իր իրավական համակարգով։ Բայց Հայաստանում այդ սկզբունքը ոտնահարվում է բացահայտ։

Երբ վարչապետը հայտարարում է, որ պատարագի կգնա միայն այն դեպքում, եթե Վեհափառի անունը չհնչի, դա արդեն հակասահմանադրական պահանջ է։ Բայց երբ այս «հրահանգն» իրականացնում է ԱԱԾ-ն՝ քահանաներին այցելելով, համոզելով, ճնշելով, պահանջելով, սա արդեն պետական բռնի միջամտություն է կրոնական պաշտամունքին։ ԱԱԾ աշխատակիցը չի կարող ու իրավունք չունի թելադրել՝ Սուրբ Պատարագի տեքստում ում անունը պետք է հնչի։ Այդպիսի երևույթներն արգելված են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, և նման վարքագիծը ավելի բնորոշ է դառնում ոչ թե ժողովրդավարական պետությանը, այլ ատելությամբ գործող վարչախմբին։

Ավելին՝ ԱԱԾ-ն այսօր ոչ միայն ճնշում է քահանաներին, այլ նաև տարածում է վախ, սպառնալիքներ, կարված մեղադրանքներ։ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ գործը՝ իբրև թե 7 տարի առաջ ինչ-որ մեկի պայուսակում թմրանյութ է դրել, այնքան անհեթեթ է, որ հիշեցնում է ոչ թե իրավական քննություն, այլ բացահայտ սադրանք։ Հորինված, սուտ մատնությունների վրա կառուցված գործեր՝ նպատակով վարկաբեկել, վախեցնել, լռեցնել։ Սա իրավական պետություն չէ։ Սա քաղաքական հաշվեհարդարի մեքենա է, որը կրոնական կառույցի դեմ է աշխատում։

Միևնույն ժամանակ նույն ԱԱԾ-ն սպառնում է թեմական քահանաներին՝ համոզելով չհիշատակել կաթողիկոսի անունը։ Այսպիսի միջամտություններն անթույլատրելի են ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև ազգային արժանապատվության մակարդակում։ Հայ եկեղեցու դեմ այսպիսի ճնշումներ պատմության ընթացքում իրականացրել են մեկ քանի ուժեր՝ օտար նվաճողները, կայսերական վարչակարգերը, անաստված բոլշևիկները։ Եվ հիմա՝ անկախ Հայաստանի իշխանությունը։

Հայ եկեղեցին գոյատևել է հարյուրավոր տարիներ, որովհետև ոչ մի կառավարիչ իր իշխանությունը չի վեր դասել Սուրբ Սեղանից։ Փաշինյանի մոտեցումը առաջին դեպքերից է, երբ պետական ուժային կառույցը ուղիղ հրահանգով ներխուժում է եկեղեցու խորան՝ որոշելու՝ ում անունը պետք է հնչի, ով պետք է աղոթի, ով պետք է բանտում լինի։

Երբ պետությունը փորձում է կառավարել հավատքը՝ դա այլևս պետություն չէ՝ դա բռնապետություն է։ Իսկ երբ իշխանությունն իրեն թույլ է տալիս ԱԱԾ-ին վերածել հոգևոր դաշտը վերահսկող ռեպրեսիվ մարմնի, դա արդեն ոչ միայն քաղաքական վտանգ է, այլ ազգային։

Բռնաճնշումները եկեղեցու դեմ երբեք չեն մնացել անպատիժ։ Եվ պատմությունը շատ հստակ է սովորեցնում՝ այն իշխանությունները, որոնք սկսում են վախից առաջնորդվել և վախ սերմանել, միշտ ավարտում են նույն տեղում՝ բարոյական և քաղաքական փլուզմամբ։

Հայաստանում այսօր խնդիրն այլևս միայն իշխանություն– եկեղեցի հակամարտությունը չէ։ Խնդիրը պետական բռնի և ապօրինի միջամտությունն է մի կառույցի նկատմամբ, որն ավելի երկար է գոյատևել, քան որևէ կառավարություն։ Եկեղեցին դիմացել է օկուպանտներին, կայսերություններին, բռնապետություններին։ Դա հաստատ կդիմանա նաև ԱԱԾ-ի «ճշգրտումներին»։

Իսկ թե ո՞վ է դիմանալու նման քաղաքականությանը՝ դա շատ ավելի բաց հարց է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *