Դեկտեմբերի 1-ին հայտարարված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարծես վերջին սիմվոլական գծագրված գիծն էր մի գործընթացում, որը յոթ տարի շարունակ քայլ առ քայլ քանդում էր հայկական պետականության անվտանգային, դիվանագիտական և ռազմավարական ամբողջ ճարտարապետությունը։ Ղարաբաղյան հակամարտության միջազգային ձևաչափը դադարեց գոյություն ունենալ, և դրա հետ մեկտեղ դադարեց նաև այն նվազագույն աշխարհաքաղաքական հենարանը, որի վրա երկու տասնամյակ կառուցվել էր Հայաստանի անվտանգային հաշվարկը։ Ալիևն ու Փաշինյանը միաձայն հայտարարում են, թե Արցախի էջը էջադրվել է։ Եվ հենց այդ բառերի հետևում է թաքնված այսօրվա պետականության ճակատագրական հարցադրումը․ իսկ հայկական պետականության էջը բաց մնա՞լու է։
Վերջին յոթ տարիների բառապաշարը հիշեցնում է կառավարման ոչ թե ստեղծարար, այլ լուծարային պրակտիկաներ․ լուծարում, հանձնում, փակում, հրաժարում, պարտադրված հրաժեշտ։ Յուրաքանչյուր այս գործողություն ոչ միայն քաղաքական հետևանք է ունեցել, այլ փոխել է պետության ընթացքը՝ դարձնելով այն անդառնալիորեն ավելի թույլ, ավելի անպաշտպան և ավելի կախված արտաքին կամքից։
44-օրյա պատերազմում տարածքների հանձնման շղթան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի փակումը, վերջապես՝ Արցախի ինստիտուցիոնալ լուծարումը, որոնք այսօր փորձ է արվում վերագրել Արցախի մի քանի օրվա նախագահին, իրականում ծնվեցին մեկ կենտրոնից։ Այդ գործընթացը հնարավոր դարձավ հենց Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումների, տարածքային ու անվտանգային զիջումների, բանավոր ու գրավոր համաձայնությունների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման շնորհիվ։
Արցախի՝ որպես չճանաչված, բայց պետականատրող կազմավորման վերացումը և Մինսկի խմբի լուծարումը միասին նշանակում են հայաստանի անվտանգային համակարգի արձակումը վերջին պտուտակից՝ այն, ինչ երկար տարիներ փորձ էր արվում ներկայացնել որպես բեռ, իրականում constitutiv հիմքն էր Հայաստանի գոյության և տարածաշրջանային կշռի համար։ Մինչդեռ այդ հենասյունը քանդվել է ոչ թե անսպասելի հարվածից, այլ ծրագրավորված քաղաքական վարքից։
Այս բոլոր լուծարումները՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ապրում են մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։ Դրանք նույն գործընթացի փուլերն են՝ հայկական գործոնի շաղախի քանդում, հայաստանյան պետականության ապամոնտաժում։ Եվ եթե այս ծայրահեղական տրամաբանության գագաթնակետը դառնալու է «չորրորդ հանրապետության» հռչակումը, ապա այն փաստացի կնշանակի լիարժեք հրաժարում՝ Հայաստանի Հանրապետության հիմքերից։
2018-ի գունավոր հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունն իրականացրել է այն, ինչ սովորաբար անում են սնանկացնող կառավարչները․ ժամանակավորապես իրենց վստահված «ակտիվը»՝ լինի դա բիզնես կամ պետություն, իրացնում են՝ ում պատահի և ինչպես պատահի՝ փոխարենը ապահովելով սեփական դիրքը, սեփական շահը։ Փաշինյանի համար այդ շահը եղել է իշխանության պահպանումը, որի գինը վճարվել է Արցախով, ապա՝ Հայաստանի անվտանգային համակարգով։
Այսօր նույն մեխանիզմը կիրառվում է արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ հասարակությունը կարծես հաշտվել է այս ընթացքի հետ՝ նման այն սեփականատիրոջ, ով կորցրել է ունեցվածքը և դարձել է սնանկացման կառավարչի կողմից պարտվողի դիրքում թողած մեկը՝ սպասելով փշրանքների, որոնք իրեն կգցեն միայն այնքանից, որ վերջնական դիմադրությունն էլ վերանա։
Հայկական պետականությունը կանգնած է իր թերևս ամենավճռորոշ շեմին։ Հարցը այլևս այն չէ՝ ինչ կորցրեցինք, այլ՝ ինչքան է մնացել կորցնելու։ Եթե իսկապես մոտենում է դեմոնտաժի վերջին փուլը, ապա սա այն պահն է, երբ հասարակությունը պետք է որոշի՝ շարունակո՞ւմ է ապրողի հոգեբանությամբ զիջումների շղթան, թե՞ սկսում է պատասխան պահանջել այն իշխանությունից, որը երկրի ապագան վերածել է սեփական ժամանակավոր կարգավիճակը երկարաձգելու միջոցի։
Հայաստանի ապագան այսօր կախված է ոչ թե արտաքին խաղացողների կամքից, այլ այն բանից, թե հանրությունը պատրաստ է՞ արդյոք կանգնել իր պետականության կողմը՝ մինչև այն ամբողջությամբ լուծարվի։