Ժողովրդավարության ամենակարևոր չափանիշներից մեկը խոսքի ազատությունն է։ Երբ այդ ազատությունը սահմանափակվում է, երբ լրագրողին կալանավորում են իր մասնագիտական գործունեության համար, իսկ քննադատական խոսքը որակվում է որպես վտանգ պետության համար, դա այլևս առանձին դեպք չէ․ դա համակարգային խնդիր է։ Հայաստանի ներկայիս իրականությունն այսօր հենց այդ կետում է գտնվում։
Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է մտահոգիչ մի միտում․ իշխանություններին անհաճո լրագրողները, մեդիա հարթակները և հասարակական գործիչները ենթարկվում են քրեական հետապնդումների, կալանքների, գույքի առգրավման և վախեցման մեխանիզմների։ Այս ամենը ներկայացվում է որպես «օրինական գործընթաց», սակայն իրականում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում քաղաքական հաշվեհարդարի բաղադրիչը։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նրա գործընկերների կալանավորումը, AntiFake.am կայքի աշխատանքային գույքի առգրավումը դրա հերթական դրսևորումն է։ Եվ եթե այս ամենը տեղի ունենար փակ դռների հետևում, առանց միջազգային արձագանքի, իշխանությունը կշարունակեր պնդել, թե Հայաստանում որևէ քաղաքական հետապնդում գոյություն չունի։ Սակայն Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի արձագանքը փաստում է հակառակը․ խնդիրը տեսանելի է դարձել նաև արտաքին դիտորդների համար։
Սա կարևոր է ոչ միայն կոնկրետ դեպքի, այլ ամբողջ համակարգի գնահատման առումով։ Երբ միջազգային կառույցները արձագանքում են, դա նշանակում է, որ առկա են խոսքի ազատության, լրագրողների անվտանգության և մարդու հիմնարար իրավունքների խախտման հիմնավոր կասկածներ։ Իսկ երբ նման արձագանքները ստիպված են լինում իրականություն դառնալ քաղաքացիական հասարակության, լրագրողական միությունների և իրավապաշտպան կազմակերպությունների անդադար ջանքերի շնորհիվ, դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ խնդիրը ներպետական մեխանիզմներով լուծելի չէ։
Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը իշխանությունը շարունակում է հերքել։ Սակայն իրականությունն այլ բան է ասում։ Քաղբանտարկյալը պարտադիր չէ լինի դասական քաղաքական գործիչ։ Քաղբանտարկյալ է նաև լրագրողը, ով ազատությունից զրկվում է իր հրապարակումների, քննադատության կամ իշխանությանը անհարմար հարցեր տալու համար։ Երբ իրավապահ համակարգը դառնում է քաղաքական պատվերներ իրականացնող գործիք, իսկ դատարանները կորցնում են անկախությունը, կալանքը վերածվում է ճնշման և լռեցման մեթոդի։
Այս համատեքստում հաճախ հնչում է հեգնական կամ հիասթափված հարցը․ «Ի՞նչ իմաստ ունի դիմել արևմտյան կառույցներին, եթե նրանք հաճախ աչք են փակում խախտումների վրա»։ Սակայն հենց այստեղ է խնդրի առանցքը։ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները գործարքի առարկա չեն։ Դրանք համոզմունքներ են, որոնց պաշտպանությունը չպետք է պայմանավորված լինի արագ արդյունքով։ Եթե անգամ արձագանքը ուշ է կամ մասնակի, պահանջը բարձրաձայնելը պարտադիր է՝ գոնե պատմության, գոնե պատասխանատվության անխուսափելիության համար։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ռեժիմները հեռանալիս փորձում են ողջ իրավական պատասխանատվությունը թողնել համակարգի ամենաստորին օղակների վրա։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ չկա փաստագրված հիշողություն, չկա միջազգային արձագանքների շղթա, չկա շարունակական պահանջատիրություն։ Այսօր այդ հիշողությունը ձևավորվում է՝ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ջանքերով։
Հայաստանում լրագրողների բանտարկումը և քաղբանտարկյալների առկայությունը միայն ներկայի խնդիր չէ։ Դա ապագայի համար դրված ծանր ժառանգություն է։ Որքան երկար լռենք, այնքան ավելի բարձր գին է վճարելու հասարակությունը վաղը։ Իսկ խոսքը, որքան էլ փորձեն դարձնել հանցագործություն, վերջիվերջո մնում է ազատության ամենահզոր գործիքը։
Եվ որքան էլ իշխանությունը փորձի համոզել հակառակը, միջազգային արձագանքները ցույց են տալիս մեկ պարզ ճշմարտություն․ մարդու իրավունքների խախտումները հնարավոր չէ անվերջ թաքցնել։ Իսկ խոսող լրագրողին բանտարկելը երբեք չի եղել ուժեղ պետության նշան։