Երևանի Կասկադը միշտ եղել է հանրային տարածք, մշակույթի ու ինքնության խորհրդանիշ։ Բայց այսօր այն վերածվում է մի համակարգի խորհրդանիշի, որտեղ իշխանությունը, խոսելով «թափանցիկությունից» ու «կոռուպցիայի դեմ պայքարից», իրականում պետական ամենաթանկ ակտիվները հանձնում է քաղաքական կապերով պաշտպանված մարդկանց։ Կասկադի վերակառուցման ծրագիրը վստահվել է մի մարդու, որը մի քանի տարի առաջ դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, չի կատարել բանկային պարտավորություններ, չի մարել հարկեր ու անգամ ինտերնետի վճարներ։ Եվ այսօր նույն մարդը ներկայացվում է որպես տասնյակ միլիարդավոր դրամներ ներդնող «միջազգային ներդրող»։
Սա այլևս ոչ տնտեսական հրաշք է, ոչ էլ հաջող բիզնես պատմություն։ Սա իշխանական հովանավորչության դասական օրինակ է։ Մարդը, որը ֆինանսական առումով ձախողվել է, հանկարծ հայտնվում է պետական ռազմավարական ծրագրի կենտրոնում միայն այն պատճառով, որ ունի «ճիշտ» ազգակցական կապեր։ Երբ ներդրումային ծրագրի հաղթողը Արամ Սարգսյանի փեսան է, մրցույթի պայմանները դառնում են ձևականություն, իսկ «ֆինանսական կարողության» պահանջները՝ թղթի վրա գրված բառեր։
Իշխանությունը կրկին խաղարկում է ԱՆԻՖ-ում արդեն տեսած սցենարը։ Նորաստեղծ ընկերություններ, անորոշ ներդրողներ, վարկերի ու ապագա վաճառքների հաշվին կառուցվող խոստումներ, իսկ ռիսկը՝ ամբողջությամբ հանրության վրա։ Այն ժամանակ ԱՆԻՖ-ի միջոցով պետական միջոցները հոսում էին ընտրյալների գրպանները՝ առանց հաշվետվության։ Այսօր նույն տրամաբանությունը կիրառվում է Կասկադում՝ պարզապես այլ անվան տակ։
Երբ քաղաքապետարանը հայտարարում է, թե ներդրողների ֆինանսական վիճակը «ստուգել են բանկերը», դա հնչում է ոչ թե որպես արդարացում, այլ որպես խոստովանություն։ Պետությունը փաստացի հրաժարվում է վերահսկողությունից և իր պատասխանատվությունը փոխանցում է բանկերին, որոնք երբեք չեն պաշտպանել հանրային շահը։ Սա անգործություն չէ, սա գիտակցված թողտվություն է, որով իշխանությունը բացում է դուռը կոռուպցիայի նոր, «օրինականացված» ձևի առաջ։
Սնանկությունը Հայաստանում դարձել է ոչ թե ամոթ, այլ գործիք։ Չվճարել պարտքերը, ազատվել պատասխանատվությունից, հետո նոր ընկերությունների միջոցով վերադառնալ պետական ծրագրերի մեջ։ Այս մոդելը տարիներ շարունակ աշխատել է ԱՆԻՖ-ում, և հիմա այն տեղափոխվում է Երևանի սիրտ։ Կասկադի հողերը օտարվում են, հանրային տարածքը դառնում է մասնավոր շահի սպասարկման առարկա, իսկ հասարակությանը մնում են գեղեցիկ ռենդերներն ու դատարկ խոստումները։
Սա արդեն մեկ գործարարի կամ մեկ ծրագրի պատմություն չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է իշխանությունը փոխել կոռուպցիայի ձևը, բայց ոչ բովանդակությունը։ Երբ նախկինում կոռուպցիան կատարվում էր գաղտնի, այսօր այն կատարվում է պայմանագրերով, կառավարության որոշումներով ու հանդիսավոր ստորագրություններով։ Եվ հենց սա է ամենավտանգավորը։
Եթե հասարակությունը լռի Կասկադի հարցում, վաղը նույն կերպ կվաճառվի հաջորդ հանրային տարածքը։ Կասկադը դարձել է փորձաքար՝ հասկանալու համար, թե արդյոք այս երկրում հանրային շահը դեռ արժեք ունի, թե արդեն ամբողջությամբ փոխարինվել է քաղաքական ազգակցությամբ ու ընտրյալների «ներդրումային» ախորժակներով։