Բռնապետությունը միշտ սկսվում է խորանից ու բանտից

Երբ իշխանությունը սկսում է քանդել խորանը և լցնել բանտերը՝ այնտեղ նստեցնելով քահանաների, ակտիվիստների ու այլախոհների, այլևս ավելորդ է խոսել «բարեփոխումների», «ժողովրդավարության» կամ «իրավական պետության» մասին։ Սա դասական բռնապետական սցենար է՝ հին, մաշված, բայց միշտ նույնքան վտանգավոր։

Այսօր Հայաստանում պետական բռնությունը դարձել է քաղաքական կառավարման հիմնական լեզուն։ Եվ այդ բռնության թիրախում են ոչ միայն ընդդիմադիր գործիչները կամ քաղաքացիական ակտիվիստները, այլև Հայ Առաքելական եկեղեցին՝ մի ինստիտուտ, որը դարերով վեր է կանգնել ցանկացած իշխանությունից և գոյատևել է հենց այն պատճառով, որ չի ծառայել օրապահիկ իշխանություններին։

Երբ վարչապետը իրեն վերապահում է որոշել, թե ով է «արժանի» հոգևորական լինելու, երբ ուժային կառույցներն օգտագործվում են եկեղեցական հաշվեհարդարների համար, երբ եպիսկոպոսներին քարշ են տալիս քննչական մարմիններ, սա արդեն ոչ թե քաղաքական սխալ է, այլ գիտակցված հակասահմանադրական բռնություն։

Պետությունն այլևս չի թաքցնում՝ նա չի երկխոսում, նա հրահանգում է։ Նա չի հարգում ինքնավարությունը, նա ենթարկեցնում է։ Նա չի ընդունում այլ կարծիք, նա պատժում է։

Եկեղեցու դեմ իրականացվող այս արշավը պարզապես սկիզբ է։ Այն նույն ձեռագրով են բանտարկվում ընդդիմադիր ակտիվիստները, լռեցվում անհնազանդ քաղաքացիները, վախեցվում հասարակությունը։ Քրեական գործը դարձել է քաղաքական մահակ, կալանքը՝ վախի գործիք, իսկ «օրենքի անունը»՝ բռնության քող։

Իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը, որ սա իբր «բարոյական մաքրում» է։ Բայց պատմությունը լավ է հիշում՝ երբ պետությունը սկսում է «մաքրել» եկեղեցին, մամուլը, համալսարանը և փողոցը, ավարտը միշտ նույնն է լինում՝ մաքրվում է պետությունը սեփական քաղաքացիներից։

Միջազգային կազմակերպությունների ահազանգերը պատահական չեն։ Երբ Հայաստանը համեմատվում է խորհրդային անցյալի հետ, դա ոչ թե վիրավորանք է, այլ ախտորոշում։ Խորհրդային պետությունն էլ էր բանտարկում քահանաներին, ճնշում հավատքը, լռեցնում այլախոհությունը՝ հանուն «պայծառ ապագայի»։ Այդ ապագան մենք տեսել ենք՝ մոխիր, վախ ու դատարկ երկիր։

Այս իշխանությունը կարող է այսօր բանտում պահել քահանային, վաղը՝ ակտիվիստին, մյուս օրը՝ ցանկացած քաղաքացու, ով կհամարձակվի չհամաձայնել։ Բայց մի բան նա չի կարող անել՝ չի կարող ստիպել ժողովրդին հավատալ բռնությանը, ընդունել անարդարությունը և լռել հավերժ։

Բռնությունը իշխանություն չի ամրապնդում։ Այն արագացնում է նրա փլուզումը։

Եվ ամենավտանգավորը սա է․ լռող հասարակությունն է դառնում բռնության հանցակիցը։ Այսօր լռել նշանակում է համաձայնվել, որ վաղը խորանը կարող է փակվել, խոսքը՝ արգելվել, մարդը՝ անհետանալ։

Սա այլևս քաղաքական վեճ չէ։ Սա պայքար է արժանապատվության, խղճի և ազատ լինելու իրավունքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *