Անգամ Նիկոլ Փաշինյանի երբեմնի համակիրներն այսօր չեն թաքցնում՝ իշխանությունը պահելու համար նա պատրաստ է դիմել այն նույն մեթոդներին, որոնցով տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները նախորդ իշխանությունները։ Եթե 2018-ի Գյումրին Նիկոլի համար դարձավ հաղթական քայլարշավի մեկնակետ, ապա 2025-ի Գյումրին կարող է վերածվել նրա իշխանության փլուզման խորհրդանիշի։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է․
«Գյումրին լինելու է այս իշխանության լակմուսի թուղթը։ Այստեղ պարտությունը լինելու է ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական պարտություն։ Վերջին օրերին կատարվողը հուշում է՝ եթե կարիք լինի, իշխանությունը չի խորշի ընտրակեղծիքներից ու նույն մեթոդներից, որոնց դիմել են բոլոր նախորդ վարչախմբերը»։
Փաշինյանի ճանապարհը՝ սկսած 2018-ի «հեղափոխական փառքից» մինչև Արցախի պարտությունը, հիասթափեցրեց անգամ իր ամենամոտ կանգնած մարդկանց։ Բայց նա դեռ շարունակում է կառչել աթոռից՝ փորձելով կառավարել ոչ թե գաղափարներով ու ծրագրերով, այլ սարսափի մթնոլորտ ստեղծելով։
Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը կարող էր պնդել, որ ժողովրդական ալիքի շնորհիվ է իշխանության եկել, ապա այսօր նրա միակ հույսը մնացել է վարչական լծակներն ու բռնի մեթոդները։ Գյումրին այդ ամենի ցուցափեղկն է․ հենց այստեղ պարզ կդառնա՝ իշխանությունն արդյոք ի վիճակի է արդար պայքարով ստանալ վստահություն, թե՞ պատրաստ է գնալ կեղծիքների, ճնշումների ու խախտումների՝ հանուն իշխանությունը պահելու։
Այո՛, Գյումրին այլևս միայն ընտրություն չէ․ դա Փաշինյանի իշխանության գոյաբանական փորձությունն է։