2025 թվականի մարտի 29-ին Ազատության հրապարակը դարձավ արցախցիների ցավի ու արդարության պահանջի բեմ։ Հայրենազրկված մարդիկ՝ զրկված իրենց տներից, հողից ու ապրելու իրավունքից, բարձրացրին միաձայն պահանջագիր, որով փորձեցին հիշեցնել Հայաստանին ու աշխարհին․ Արցախի հարցը փակված չէ, իսկ Արցախի հայը չի հաշտվելու իր կորստի հետ։
Սակայն այդ նույն պահին մի այլ մռայլ իրողություն ծանրացավ նրանց ուսերին․ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է դադարեցնել յուրաքանչյուր փախստական արցախցուն տրամադրվող ամսական 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը։ Այս քայլը ոչ միայն անտարբերության, այլև անմարդկային վերաբերմունքի ցուցիչ է։ Երբ մարդիկ կորցրել են ամեն ինչ՝ տները, հայրենիքը, սեփական կյանքը, իշխանությունն ընտրում է վերջին հույսի աղբյուրն էլ կտրել։
Փաշինյանը նախ հանձնեց Արցախը՝ հայտարարելով, թե «Հայաստանը Արցախի հարց չունի»։ Այնուհետև հազարավոր արցախցիներին թողեց անտերության մեջ՝ սփռելով նրանց վարձով տների ու կիսաբաց ապագայի մեջ։ Իսկ հիմա, դադարեցնելով նվազագույն սոցիալական աջակցությունը, նրանց մատնում է սովի, անորոշության ու արտագաղթի։
Արցախցիների պահանջագրում գրված էր ոչ թե «ավելորդ շռայլություն», այլ կենսական անհրաժեշտություն․ բնակարան, աշխատանք, արժանապատիվ կյանք։ Նրանք խոսում էին գոյատևման մասին։ Իսկ Փաշինյանը լռում է՝ թողնելով իր քաղաքացիներին թշվառության մեջ։
Իրականում այս քաղաքականության խորքում թաքնված է մեկ բան․ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ արցախցիները լքեն Հայաստանը։ Սոցիալական աջակցության դադարեցումը գործի է դնում նույն մեխանիզմը, որն արդեն օգտագործվել է Արցախում՝ խեղդել մարդկանց, զրկել ամեն ինչից և կանգնեցնել միակ ընտրության առաջ՝ հեռանալ։
Մարտի 29-ի Ազատության հրապարակը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է պայքարի ոգով։ Բայց նույն հրապարակը ցույց տվեց նաև իշխանության դաժան դեմքը․ իշխանություն, որը ոչ միայն չպաշտպանում է իր ժողովրդին, այլև քայլ առ քայլ մղում է նրան դեպի սով, արտագաղթ ու հայրենազրկման վերջնական փուլ։
Արցախը հանձնվեց, մարդիկ անտեր թողնվեցին, իսկ հիմա նրանց զրկում են անգամ ամենահիմնական օգնությունից։ Սա ոչ թե պարզապես սոցիալական քաղաքականություն է, այլ ազգային ինքնասպանություն՝ կազմակերպված սեփական իշխանության կողմից։
Այսօր Հայաստանի խղճի քննությունը կրկին տապալվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Իսկ արցախցիների ձայնը մնաց որպես հիշեցում, որ հայը չի հաշտվելու անարդարության հետ։