Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քարոզչությունը նոր թափ է ստացել։ Վերջին ելույթներում նա կրկին փորձել է իր պատասխանատվությունը քողարկել Հայ առաքելական եկեղեցու վրա՝ մեղադրելով Վեհափառին ու փորձելով ժողովրդին համոզել, թե իբր եկեղեցին «վերցրել է ժողովրդի իրավունքները»։
Սակայն իրականում բոլորը հասկանում են․ սա ընդամենը հերթական մանևրն է՝ սեփական պարտությունները և հանցավոր զիջումները ծածկելու համար։ Փաշինյանը, որը Արցախը հանձնեց թշնամուն, Հայաստանի սահմանների վրա անընդհատ հետընթաց է արձանագրում, զոհված զինվորների հիշատակը արժեզրկում «տեխնիկական թվերով», այժմ փորձ է անում հասարակության ուշադրությունը շեղել ու թիրախավորել այն կառույցը, որը դարեր շարունակ եղել է ազգային ինքնության պահպանման ամուր հիմքը։
Փաշինյանի ելույթներում առանձնահատուկ ցինիզմ կա։ Նա խոսում է Վեհափառի անձնական կյանքի մասին՝ այն դարձնելով քաղաքական շահարկման թեմա։ Փաստացի նա փորձում է ժողովրդին ներկայացնել, թե իբր կաթողիկոսը չի համապատասխանում իր ուխտին, ու դրանով արդարացնել իր իսկ հակաեկեղեցական արշավը։ Բայց պարզ է, որ նպատակը ոչ թե բարեփոխումն է, այլ եկեղեցու հեղինակազրկումը և ազգային ողնաշարի կոտրումը։
Այս ամենը, բնականաբար, հիացմունքով է ընդունվում Բաքվում։ Ադրբեջանի քարոզչամիջոցները Փաշինյանի ամեն խոսք վերածում են սեփական շահերին ծառայող նյութի։ Նրանք գոհունակությամբ ընդգծում են, թե Հայաստանում իշխանությունն ու եկեղեցին հակադրված են միմյանց, և որ Փաշինյանը պատրաստ է նույնիսկ եկեղեցու ներքին գործերը խառնել քաղաքականության մեջ։
Հարց է առաջանում․ եթե Փաշինյանի քայլերը այդքան ուրախացնում են Ադրբեջանին, ապա արդյո՞ք սա արդեն բացահայտ ցուցիչ չէ, որ նրա ամբողջ քաղաքականությունը ուղղված է հայ ժողովրդի դիմադրողականության վերջնական կոտրմանը։
Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է այն կառույցը, որ ամենածանր ժամանակներում պահել է մեր ինքնությունը՝ անկախ պետականություն չունենալու պայմաններում։ Եվ հենց դրա համար է այսօր այն թիրախավորվում։ Որովհետև հասկանում են՝ եկեղեցին ազգային անվտանգության կարևորագույն հենասյուներից է։
Փաշինյանի այս հարձակումները ոչ միայն ներքաղաքական վարկաբեկման դրսևորումներ են, այլև ուղիղ հարված հայ ժողովրդի պատմական և հոգևոր ժառանգությանը։